Արաբական Միացյալ Էմիրություններն առևտուրը չի խառնում քաղաքականությանը, երեքշաբթի ասել է Առևտրի նախարար Թանի ալ Զեյուդին՝ պատասխանելով այն հարցին, թե Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը կազդի արդյոք տնտեսական համաձայնագրերի վրա, գրում է Reuters-ը։

«Մենք չենք խառնում տնտեսությունը և առևտուրը քաղաքականության հետ», - Դուբայում լրագրողներին ասել է Թանի ալ Զեյուդին։

Երկու երկրների միջև Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիրը (CEPA) ուժի մեջ է մտել մարտին, ինչը դարձել է Իսրայելի առաջին ազատ առևտրի համաձայնագիրն արաբական պետության հետ:

ԱՄԷ-ն դարձավ Պարսից ծոցի առաջին երկիրը, որը 2020 թվականին կարգավորեց հարաբերություններբ Իսրայելի հետ՝ կոտրելով Պաղեստինի հարցում արաբական երկրների տասնամյակների քաղաքականությունը:

Վրաստանի հետ վերջին առևտրային համաձայնագրի ստորագրման շրջանակում ելույթ ունենալով՝ նախարարը նշել է, որ ԱՄԷ-ի առաջնահերթությունն աշխարհի բոլոր տարածաշրջանների շուկաներ հասանելիությունն է։

Զեյուդին հավելել է, որ ԱՄԷ-ի դիրքորոշումը տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ հաղորդել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։