Դատական կարգով հաստատվել է այն փաստը, որ լրատվական միջոցը տեղեկատվության աղբյուրը հրապարակելու, տվյալ դեպքում տելեգրամյան ալիքում հրապարակված տեղեկատվությանը հղում կատարելու պայմաններում, չի կարող պատասխանատվություն կրել զրպարտության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

«2021 թվականին «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի (RAN OIL) կողմից հայց էր ներկայացվել «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի (NEWS.AM) դեմ, այն բանի համար, որ News.am-ի կողմից, հղում կատարելով հոդվածի սկզբնաղբյուր «Dejavu» տելեգրամյան ալիքին, հրապարակվել էր. «Խաչատուր Սուքիասյանի ներկրած անորակ վառելիքի պատճառով հաճախորդների մեքենաների շարժիչները շարքից դուրս են գալիս. Dejavu» վերտառությամբ հոդված:

Հայցով «Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ն (RAN OIL), պահանջել էր հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ վճարել փոխհատուցում 2.000.000 ՀՀ դրամի չափով:

ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, մասնակի բավարարել էր ներկայացված հայցապահանջը, վճռելով պարտավորեցնել «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ վճարել փոխհատուցում 100,000 ՀՀ դրամի չափով:

Նշված դատական ակտի դեմ ներկայացվել էր վերաքննիչ բողոք, որի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, նախագահող դատավոր՝ Ս.Թորոսյանի, դատավորներ՝ Ն.Մարգարյանի եւ Կ.Համբարձումյանի, բեկանել էր ՀՀ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2022թ. թիվ ԵԴ/16030/02/21 վճիռը եւ փոփոխել այն՝ «Մեգա Թրեյդ» ՍՊ ընկերության ընդդեմ «ՆՅՈՒԶ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին հայցը մերժել:

«Մեգա Թրեյդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որի վարույթ ընդունելը մերժվել է, արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Այսպիսով, դատական կարգով հաստատվել է այն փաստը, որ լրատվական միջոցը տեղեկատվության աղբյուրը հրապարակելու, տվյալ դեպքում տելեգրամյան ալիքում հրապարակված տեղեկատվությանը հղում կատարելու պայմաններում, չի կարող պատասխանատվություն կրել զրպարտության համար»,- նշվում է գրառման մեջ։