Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընդլայնված կազմով բանակցություններում, որոնք ընթանում են Պեկինում, Ռուսաստանի նախագահին անվանել է «իր վաղեմի բարեկամը»։ «Հարգելի նախագահ Պուտին, իմ վաղեմի բարեկամ, ողջունում ենք ձեր մասնակցությունը «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության երրորդ համաժողովին»,- ասել է նա, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Երկու կողմերի փոխադարձ մասնակցությունը կարեւոր դիվանագիտական միջոցառումներին մեր բազմամյա լավ ավանդույթն է»,- ավելացրել Սի Ծինփինը։
Նրա խոսքով՝ Չինաստանի եւ Ռուսաստանի ապրանքշրջանառությունը պատմական ռեկորդներ է սահմանում եւ մոտենում է 200 մլրդ դոլարի։
«Գոհունակությամբ նշեմ, որ Չինաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները, նախարարությունները եւ գերատեսչությունները, ինչպես նաեւ շրջանները լարված աշխատում են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»,- նշել է Սի Ծինփինը։
Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին հարստացնել երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ։ «Մենք պատրաստ ենք ռուս գործընկերների հետ միասին հարստացնել երկկողմ համագործակցությունը նոր բովանդակությամբ՝ հանուն զարգացման եւ բարգավաճման»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ եկող տարի նշվելու է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը։
«Գոտի եւ ճանապարհ»-ի երրորդ համաժողովը տեղի է ունենում հոկտեմբերի 17-18-ին Պեկինում, մասնակցում են ավելի քան հազար մարդիկ ավելի քան 140 երկրներից։





























