Վրաստանում, ըստ նոր կրթական համակարգի, միջնակարգ դպրոցներում ռուսաց լեզվի եւ գրականության դասընթացները կրճատվում են, իսկ անգլերենինը` ավելանում, գրում է վրացական «Սամխրթիս Կարիբջե» պարբերականը:
Ըստ պարբերականի, հնարավոր է նաեւ ռուսաց լեզվի մասնագետների կրճատում:
Ինչպես թերթին հայտարարել է Ախալցխայի Մուսխի գյուղի դպրոցի տնօրեն Բուխուտի Կապանիձեն, (ով դասավանդում է նաեւ ռուսաց լեզու) ռուսաց լեզվի դասաաժամերը տարեց տարի էլ ավելի են նվազում, ինչը վատ է անդրադառնում ոչ միայն աշակերտների վրա, որոնք կամաց կամաց հեռանում են ռուսերենից, այլեւ ուսուցչուհիների աշխատավարձների վրա:
Պարբերականի տեղեկատվությամբ, բոլոր դպրոցների ծրագրով, աշակերտները անգլերենն առաջին դասարանից են սովորում, հետո երրորդ դասարանից սովորում են գերմաներեն եւ յոթերորդ դասարանում նոր ռուսերենին են անցնում:
Ինչպես հայտնում է պարբերականը, ուսուցչուհիների եւ տնօրենների կարծիքով, եթե նման տեմպերով շարունակվի ռուսաց լեզվի դասաժամերի կրճատումը, ապա հնարավոր է որ շուտով այն ընդհանրապես չներառվի կրթական ծրագրում, ինչը ապագա սերունդներին լուրջ խնդիրների առաջ կկանգնեցնի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Վրաստանի հայկական դպրոցներում եւս նվազում են հայերենի դասաժամերը:



























