Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ հանձնարարել է ՌԴ Օդատիեզերական ուժերին (ՕՏՈւ) սկսել Սեւ ծովի մշտական պարեկումը «Կինժալ» համալիրներ ունեցող ինքնաթիռներով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Իմ հանձնարարությամբ ՌԴ ՕՏՈւ-ն սկսում է մշտական հիմքով պարեկել Սեւ ծովի չեզոք գոտու օդային տարածքը։ Մեր «ՄիԳ-31 ինքնաթիռները՝ «Կինժալ» համալիրներով»,- ասել է պետության ղեկավարը Չինաստան այցն ամփոփող մամուլի ասուլիսում։
Պուտինը նշել է, որ «այդ համալիրներն ունեն ավելի քան 1 000 կիլոմետր հեռահարություն եւ ինը թափ արագություն»։
Նրա խոսքով՝ ՌԴ ՕՏՈւ-ի պարեկումը թույլ կտա իրականացնել Միջերկրական ծովում տեղի ունեցող դեպքերի վիզուալ վերահսկողություն եւ «վերահսկողություն զենքի օգնությամբ»։ «Ես նախազգուշացրել եմ, որ դա սպառնալիք չէ, բայց մենք կիրականացնենք Միջերկրական ծովում տեղի ունեցողի վիզուալ վերահսկողություն, վերահսկողություն զենքի օգնությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք արեւմտյան երկրները նախագահի հայտարարությունները «սպառնալիք» չեն անվանի։





























