Իսրայելցիների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հրապարակայնորեն պատասխանատվություն ստանձնի ապշեցուցիչ ձախողումների համար, որոնք հանգեցրին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակմանը, գրում է իսրայելական Maariv թերթը:
Նման պատասխանատվություն արդեն ստանձնել են Իսրայելի պաշտպանության բանակի և Շին Բեթի ղեկավարները, ինչպես նաև պաշտպանության և ֆինանսների նախարարները։
Իսրայելցիների 80 տոկոսը կարծում է, որ Նեթանյահուն պետք է հետևի այդ օրինակին, այդ թվում՝ այն մարդկանց 69 տոկոսը, ովքեր անցած տարվա ընտրություններում վարչապետի «Լիկուդ» կուսակցության օգտին են քվեարկել։ Բնակչության միայն 8%-ն է կարծում, որ նա դա չպետք է անի։
Հարցին, թե ով է ավելի հարմար վարչապետ լինելու համար, 49%-ը նախընտրել է «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Բենի Գանցին և միայն 28%-ը՝ Նեթանյահուին, իսկ մնացածը դեռևս չի կողմնորոշվել:
Ինչ վերաբերում է Գազայի հատվածում պատերազմին, իսրայելցիների 65%-ը կողմ է Գազայի հատվածում ցամաքային հարձակմանը, մինչդեռ 21%-ը դեմ է դրան։
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 18-ին և 19-ին՝ Լազար ինստիտուտի կողմից Panel4All-ի հետ համագործակցությամբ՝ 510 հարցվածների շրջանում, որոնք իսրայելցի չափահասների ներկայացուցչական ընտրանք են: Սխալը կազմում է 4,3%:




























