Ռուսական 102 ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին խոսույթը բացել է ռուսական կողմը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Ռուսական կողմը հայտարարել է՝ եթե պաշտոնական Երևանն ուզում է, պատրաստ են 102 ռազմաբազան դուրս բերել Հայաստանի տարածքից։ Շատ լավ։ Հիմա եթե իրենք ուզում են, որպեսզի 102-րդ ռազմաբազան շարունակի մնալ Գյումրիում, եկեք ուրեմն քննարկենք այն պայմանները, որոնցով պետք է շարունակի մնալ։ Այդքան բան է։ Պաշտոնական Երևանը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես այդպիսին, որևէ հայտարարություն չի արել այդ ռազմաբազան դուրս բերելու մասին։ Դա արել է ռուսական կողմը։ Իսկ եթե իրենք ուզում են, որպեսզի այդ ռազմաբազան շարունակի մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, շատ լավ, ուրեմն կվերանայենք պայմանները։ Բոլոր այն պայմանները, որոնցով տեղակայված է այդ բազան։
Մենք խնդիր չունենք այդ ռազմաբազան հանելու հետ կապված, բայց եթե ռուսական կողմը հայտարարում է, որ պատրաստ է այդ ռազմաբազան դուրս բերել, կամ պատրաստ է, որպեսզի թույլ տա այդ ռազմաբազան շարունակի մնալ մեր տարածքում, մենք այդ ժամանակ արդեն պատրաստ ենք քննարկել պայմանները»,–ասաց նա։
Չախոյանը հայտարարեց, որ ռազմաբազայի հարցը կապ չունի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանհարցի հետ. «Նոր ատոմակայանի կառուցման հարցը դեռևս քննարկման փուլում է, թե ո՞ր պետության հետ, ո՞ր կողմի հետ ենք կառուցելու նոր ատոմակայանը։ Ի դեպ, գործող ատոմակայանի աշխատանքը երկարաձգելու հետ կապված ևս աշխատանքներ են տարվում, բացառված չէ, որ գործող ատոմակայանը շարունակի շատ ավելի երկար աշխատել»։




























