Բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ Ռադովան Կարաջիչը, ով այսօր` նոյեմբերի 3-ին, առաջին անգամ նախկին Հարավսլավիայի հարցով հայտնվեց Հաագայի միջազգային դատարան, դատավորից ժամանակ պահանջեց, որպեսզի նորից ծանոթանա մեղադրական նյութերին եւ ավելի լավ պատրաստվի պաշտպանությանը:

Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը դատավարության ժամանակ իր խոսքում Կարաջիչը, ով մեղադրվում է Սրեբրենիցում 1995 թվականին ցեղասպանության եւ 8000 մահմեդական բոսնիացիների սպանության մեջ, ասել է, որ չի ուզում բոյկոտել դատարանի նիստը:

«Ես իսկական հանցագործ կլինեի, եթե համաձայնեի նիստին ներկա գտնվել անպատրաստ»,-հայտարարել է նա` հավելելով, որ հետագայում ինքնուրույն է պաշտպանվելու, առանց փաստաբանների օգնության:

Կարաջիչի իրավական խորհրդատուներից Սվետոզար Վույաչիչը տեղեկացրել է, թե չի բացառում, որ մեղադրյալը, որպես բողոքի նշան՝ հացադուլ հայտարարի, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 26-ին, Հաագի միջազգային դատարանում, նախկին Հարավսլավիայում ռազմական հանցագործությունների վերաբերյալ, լսումներ է բացվել բոսնիացի սերբերի առաջնորդ Ռադովանա Կարաջիչի գործով։ Նրա դեմ 11 կետերից բաղկացած մեղադրանք է ներկայացված՝ կապված ոչ սերբ բնակչության ցեղասպանության, էթնիկ զտումների եւ 1992-1995 թվականներին Բոսնիա եւ Հերցոգովինայում քաղաքացիական պատերազմի ընթացքում մարդկանց նկատմամբ կատարած հանցագործությունների համար։ Մինչեւ հիմա Կարաջիչը չէր ներկայանում լսումներին՝ պատճառաբանելով, որ պետք է ծանոթանա գործին։