Ենթադրվում է, որ այս ամսվա սկզբին Բալթիկ ծովում գազատարի վնասի պատճառ է դարձել ծովի հատակով մեծ խարիսխը քարշ տվող նավը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի ոստիկանությանը:
Քննիչները հայտնել են, որ դուրս են բերել կորցրած խարիսխն այն հատվածից, որտեղ պայթել է խողովակաշարը, և ուսումնասիրում են՝ արդյոք դա չինական նավի է պատկանել։
Նրանք ասացին, որ դեռ վաղ է ասել՝ դա դժբախտ պատահար է, թե դիտավորյալ արարք։
Balticconnector ստորջրյա գազատարի վնասի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 8-ին։ Ֆիննական և էստոնական գազատարի օպերատորներ Gasgrid Finland-ը և Elering-ը խողովակաշարում ճնշման արտասովոր անկում են նկատել, որից հետո որոշել են դադարեցնել գազամատակարարումը։ Ըստ Gasgrid Finland-ի՝ եթե պարզվի, որ ճնշումն իսկապես նվազել է խողովակաշարի վնասման հետ կապված արտահոսքի պատճառով, վերանորոգման աշխատանքները կարող են տևել «առնվազն մի քանի ամիս»՝ կախված վնասի բնույթից:
Մոտ 80 կմ երկարությամբ խողովակաշարը Ֆինլանդիային հնարավորություն է տալիս մուտք գործել Լատվիայի բնական գազի պահեստարաններ Ինկուկալնսում, և դրա հզորությունը կազմում է տարեկան մինչև 2,6 միլիարդ խորանարդ մետր: Նորվեգիայի սեյսմիկ դիտարկման Norsar ինստիտուտը «հնարավոր պայթյուն» է գրանցել Բալթիկ ծովում գազատարի տարածքում՝ դրանով գազի մատակարարման դադարեցումից անմիջապես առաջ։




























