Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի՝ հոկտեմբերի 25-ին, Ամմանում բանակցություններ է վարել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի և Կահիրեում՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսսիի հետ։ Երկու հանդիպումներում էլ քննարկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը։ Մերձավորարևելյան շրջագայությունից հետո Ֆրանսիայի ղեկավարը կոչ է արել վերսկսել «խաղաղության գործընթացը»՝ պաղեստինյան պետություն ստեղծելու համար և հայտարարել Գազայի ափեր բժշկական օգնությամբ նավ ուղարկելու մասին, հայտնում է RFI-ն։
Կահիրե կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Գազայի հատվածի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու մասին՝ փոքր տարածք, որը գտնվում է Իսրայելի կողմից լիակատար շրջափակման մեջ և մշտապես կրակի տակ է։ Ֆրանսիան ռազմանավ կուղարկի Գազայի ափեր՝ աջակցելու հոսանքազրկված հիվանդանոցների աշխատանքին։ Բացի այդ, հինգշաբթի օրը Եգիպտոս կժամանի Գազայի բնակչության համար նախատեսված բժշկական սարքավորումներով առաջին ֆրանսիական ինքնաթիռը։ Դրան կհետևեն մյուսները, խոստացել է Մակրոնը։
Եգիպտոսի նախագահն իր հերթին Իսրայելին կոչ է արել խուսափել «Գազայի հատված ցամաքային ներխուժումից», քանի որ դա կհանգեցնի «մեծ թվով քաղաքացիական զոհերի»։
Մինչև Կահիրե մեկնելը Ֆրանսիայի առաջնորդը բանակցություններ է վարել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Մակրոնի հետ հանդիպումից հետո Աբդալլահ Երկրորդը հայտարարել է «Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու» անհրաժեշտության մասին, քանի որ «դրա շարունակվելը կարող է հանգեցնել տարածաշրջանում պայթյունի»։ Իսրայելի հարևան Հորդանանի առաջնորդը մեղադրել է Արևմուտքին այն բանում, որ «պաղեստինցիների կյանքն ավելի քիչ արժեք ունի [արևմտյան հասարակական կարծիքի] համար, քան իսրայելցիների կյանքը»։
«Բոլոր կյանքերը հավասար են, բոլոր զոհերն արժանի են մեր կարեկցանքին, Մերձավոր Արևելքում արդար և կայուն խաղաղությանը մեր շարունակական հանձնառությանը»,- դիմել է Մակրոնը արաբական երկրներին՝ եգիպտացի գործընկեր Աբդել Ֆաթահ ալ Սիսսիի հետ բանակցություններից հետո: «Ֆրանսիան երկակի ստանդարտներ չի կիրառում, միջազգային իրավունքը տարածվում է բոլորի վրա, և Ֆրանսիան կրում է մարդասիրության համընդհանուր արժեքները», - ասել է Մակրոնը։
Խոսելով հակամարտության քաղաքական լուծումների մասին՝ Էմանուել Մակրոնը կոչ է արել վերադառնալ «երկու պետությունների մասին»՝ Պաղեստինի ու Իսրայելի «կողք կողքի խաղաղության և անվտանգության մեջ ապրելու» որոշման որոնման գործընթացին։ «Չի կարող լինել տևական խաղաղություն, քանի դեռ չի ճանաչվել Պաղեստինի ժողովրդի՝ պետություն ունենալու օրինական իրավունքը», - վստահություն է հայտնել Մակրոնը։ Նա նաև կոչ է արել ստեղծել միջազգային կոալիցիա՝ ՀԱՄԱՍ-ի իսլամիստների դեմ պայքարելու համար։





























