Արգենտինացի մասնագետները երկրի հարավում հայտնաբերել են ծովառյուծների՝ թռչնագրիպից սատկած մոտ 2 500 ձագեր։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է La Nacion թերթը՝ հղում կատարելով WCS ոչ կառավարական կազմակերպության տվյալներին։
Մասնագետների խոսքով՝ 26 օրում Չուբուտ նահանգի ափամերձ գոտում հայտնաբերվել է 2 494 սատկած առանձնյակ, մեծ մասը՝ Վալդես թերակղզում, որի ամբողջ տարածքը արգելոց է։ Մոտ 200 կենդանիներից վերցված նմուշների քննությունը հաստատել է, որ նրանք սատկել են թռչնագրիպից։
Պարբերականը նշել է, որ այս եւ անցած տարվա լուսանկարների համեմատությունից երեւում է, որ կենդանիների թվաքանակը խիստ կրճատվել է։ «Ձագերի մահացությունը ծովառյուծների բազմացման շրջանում միշտ 1 տոկոսից ցածր նիշի վրա էր մնում։ Սակայն այս տարի գրանցվել է արտակարգ մահացություն՝ 56-74 տոկոս, կախված տեղից»,- թերթը մեջբերել է մասնագետների հաշվետվությունը, որը հրապարակվել է առաջին 200 սատկած ձագերի հայտնաբերումից հետո։
Գիտնականների կարծիքով՝ բարձր մահացության կարող էր հանգեցնել վիրուսի մուտացիան, որը ավելի վարակիչ է դարձել կաթնասունների շրջանում։





























