Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և կառավարական հարցերի հանձնաժողովի նիստում, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ռեյն ասել է, որ ահաբեկչական սպառնալիքն աճել է 2023 թվականին, և Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր, որը Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպություն է համարվում, մեծացել են հենց ԱՄՆ-ում ամերիկացիների վրա հարձակումների ռիսկերը:
«Մի քանի շաբաթ առաջ Իսրայելում անմեղ մարդկանց դեմ ՀԱՄԱՍ-ի իրականացրած սարսափելի ահաբեկչական հարձակումներից հետո մենք աշխատում ենք շուրջօրյա՝ աջակցելու մեր գործընկերներին և պաշտպանելու ամերիկացիներին այստեղ՝ տանը», - ասել է Ռեյը։
Ռեյն ընդգծել է, որ թեև տեղեկություններ չկան, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները ծրագրում են հարձակումներ իրականացնել Միացյալ Նահանգների ներսում, գերատեսչությունը «չի բացառի այն հնարավորությունը, որ ՀԱՄԱՍ-ը կամ մեկ այլ ահաբեկչական կազմակերպություն կարող են օգտագործել ներկայիս հակամարտությունն՝ ԱՄՆ-ում հարձակումներ իրականացնելու համար»:





























