Հոկտեմբերի 31-ին «Վերջին սերունդ» շարժման արմատական բնապահպան ակտիվիստները նարնջագույն ներկ են ցողել Դաշնային կանցլերի գրասենյակի շենքի վրա և մի քանի տեղ գրել՝ «Օլաֆը ստում է»: Նրանք նկարահանել են իրենց ակցիան և տարածել X հարթակում (նախկինում՝ Twitter):
Ընդհանուր առմամբ, կանցլերի գրասենյակի մոտ հավաքվել էին մոտ 60-70 բնապահպան ակտիվիստներ, որոնցից ոմանք ձեռքում էին պաստառներ՝ «Օլաֆը ստում է» և «Կանցլերը ստում է կլիմայի մասին» գրություններով։ Ցուցարարների գործողություններին միջամտել է ոստիկանությունը՝ նրանցից մի քանիսի նկատմամբ կիրառելով ֆիզիկական ուժ։ Մի քանի բնապահպան ակտիվիստներ բերման են ենթարկվել՝ հետագայում նրանց անձնական տվյալների նույնականացման համար, հայտնում է DW-ն։
«Վերջին սերունդը» Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին և նրա կառավարությանը մեղադրում է կլիմայական անհաջող քաղաքականության համար: Բնապահպան ակտիվիստների գործողությունների պատճառ է դարձել Շոլցի հայտարարությունն այն մասին, որ «կլիմայական աղետի» դեմ պայքարելու՝ կառավարության գործողությունները բավարար են։ «Վերջին սերունդ» շարժումն այս հայտարարությունն անվանել է «կյանքին սպառնացող սուտ»:





























