Երեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ելույթ ունեցան Կոնգրեսում՝ համոզելու օրենսդիրներին, որ Ուկրաինային և Իսրայելին լրացուցիչ միլիարդավոր դոլարներ հատկացնելը բխում է Միացյալ Նահանգների շահերից՝ չնայած բյուջեի դեֆիցիտին և երկու երկրների նկատմամբ վարչակազմի քաղաքականության վերաբերյալ առկա տարաձայնություններին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

Բլինկենն իր բացման խոսքում ասաց, որ ԱՄՆ աջակցությունը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դարձավ Կրեմլի «ռազմավարական ձախողումը» և ընդգծեց Իսրայելին անվտանգության ապահովման և Գազայի հատվածում պաղեստինցիներին մարդասիրական օգնության կարևորությունը:

«Առանց արագ և կայուն մարդասիրական օգնության, հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կտարածվի, տառապանքը կմեծանա, և ՀԱՄԱՍ-ն ու դրա հովանավորները կշահեն՝ իրենց ներկայացնելով որպես իրենց իսկ ստեղծած տառապանքներից ազատողներ», - ասել է Բլինկենը:

Բայդենը Կոնգրեսին խնդրել է 106 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային, Իսրայելին օգնություն տրամադրելու և ԱՄՆ սահմանների անվտանգությունն ապահովելու համար։

Նա Ուկրաինայի համար 61,4 միլիարդ դոլար է խնդրել, որի մոտ կեսը կծախսվի ԱՄՆ-ում՝ զենքի պաշարները համալրելու համար։

ԱՄՆ նախագահը նաև խնդրել է 14,3 միլիարդ դոլար Իսրայելի համար, 9 միլիարդ դոլար՝ հումանիտար օգնության համար՝ ներառյալ Իսրայելին և Գազայի հատվածին, 13,6 միլիարդ դոլար՝ ԱՄՆ սահմանների անվտանգությունն ապահովելու համար, 4 միլիարդ դոլար՝ Ասիայում Չինաստանի տարածաշրջանային ջանքերին հակազդելու համար:

Կոնգրեսն արդեն հաստատել է 113 միլիարդ դոլարի օգնության փաթեթն Ուկրաինային՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, սակայն օգոստոսին լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու՝ Բայդենի խնդրանքը չի բավարարվել: Սպիտակ տունը հայտնել է, որ ուկրաինական զորքերին ամերիկյան զենք տրամադրելու համար մնացել է 5,5 միլիարդ դոլարից պակաս: