Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հեռախոսազրույց են ունեցել։
Աբասն ընդգծել է իսրայելական բանակի կողմից մասսայական սպանությունները և նշել, որ Իսրայելի ագրեսիան պաղեստինյան ժողովրդի դեմ պետք է անհապաղ դադարեցվի, հայտնում է WAFA-ն։
Նա կոչ է արել մշտական մարդասիրական միջանցքներ բացել բժշկական և պարենային օգնություն հասցնելու, ինչպես նաև մարդկանց արագ ջրով և էլեկտրականությամբ ապահովելու համար։
Պաղեստինի նախագահն ասել է, որ իրենց տներում և հիվանդանոցներում անվտանգ խաղաղ բնակիչների վրա հարձակումները և նրանց գլխավերևում շենքերի քանդումը դաժան հանցագործություններ են, որոնք չեն կարող հանդուրժվել և պետք է անհապաղ դադարեցվեն:
Աբասը դեմ է արտահայտվել պաղեստինցիներին Գազայից, Արևմտյան ափից կամ Երուսաղեմից տեղափոխելուն:
Մեծ Բրիտանիայի վարչապետն, իր հերթին, ընդգծել է միջազգային բոլոր կողմերի հետ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը՝ օգնությունն ավելացնելու և մարդասիրական հրադադարի հասնելու համար։





























