Թուրքիայում այսօր` հոկտեմբերի 23 -ին տեղի ունեցած հզոր երկրաշարժը Վանի նահանգում ավերածություններ է առաջացրել: Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ խափանվել է էլեկտրամատակարարումն ու բջջային կապը: Առայժմ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am –ը, Թուրքիայի արեւելքում այսօր` հոկտեմբերի 23 -ին 7,6 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ թուրքական լրատվամիջոցների` էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք: Հիպոկենտրոնը գտնվել է 94,5 կմ խորության վրա:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, երկրաշարժն զգացվել է նաեւ Հայաստանում, այդ թվում` Երեւանում: Մայրաքաղաքի տարբեր շրաջաններում բնակիչները դուրս են եկել շենքերից, հավաքվել բակերում: Կան տեղեկություններ, որ ստորերկրյա ցնցումներն ավելի ուժեղ են զգացվել Արարատյան դաշտավայրի բնակավայրերում:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը դեռեւս տեղեկատվություն չի տարածել երկրաշարժի ուժգնության մասին: Ցնցումներից հետո բջջային կապը գործում է նկատելի խափանումներով: Վերջին ժամանակաշրջանում երկրակեղեւի շարժը տարածաշրջանում զգալիորեն ակտիվացել է:

Ինչպես ավելի վաղ հայտնում էր NEWS.am-ը, հոկտեմբերի 19-ին, ժամը 19.19-ին սեյսմիկ ծառայությունը գրանցել էր 3,3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Մասիս քաղաքից 7 կմ դեպի հարավ: Եվս մի քանի օր առաջ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում ճաքել են դպրոցի պատերը: Որոշ դասարաններում պատերից ծեփ է փլվել, խախտվել են պանելների կարերը: Վերջին օրերի ընթացքում հանրապետոթյան տարբեր շրջաններում գրանցվել են ցնցումներ 3 - 5 բալ ուժգնությամբ: