Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Գազայում պաղեստինցի փախստականների ամենամեծ ճամբարի մահասփյուռ ռմբակոծումը, որի հետեւանքով զոհվել են տասնյակ մարդիկ։

Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի թունելների համալիրին Ջաբալիայում եւ սպանել տեղի գումարտակի հրամանատար Իբրահիմ Բիարիին։

Սաուդյան Արաբիան քննադատել է Իսրայելի գործողությունները՝ դատապարտելով «անմարդկային հարձակումը» փախստականների ճամբարի վրա։

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում հայտնել են, որ այդ հաձակումը «հանգեցրել է մեծ թվով խաղաղ բնակիչների մահվան եւ վիրավորումների»։

Թագավորությունը դատապարտում է իսրայելական օկուպացիոն ուժերի հարձակումները, ինչպես նաեւ միջազգային իրավունքի շարունակվող խախտումները։

Այդ իրավունքների օպերատիվ պահպանման անկարողությունը անխուսափելիորեն կհանգեցնի հումանիտար աղետի, որի պատասխանատվությունը կրում են իսրայելական օկուպացիան եւ միջազգային հանրությունը»,- նշվել է ԱԳՆ հայտարարությունում։