ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, չնայած միջազգային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերին, չի ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրեն հաջողվել է կարգավորել ութ պատերազմ, ևս երկու դեպքում նա մոտ է հակամարտության ավարտին կամ համաձայնության ձեռքբերմանը։

Թրամփը նաև հայտարարել է, որ ապահովել է իսրայելցի բոլոր պատանդների վերադարձը, ներառյալ վերջին 28 մարդուն՝ թե՛ ողջ, թե՛ զոհված։ Բացի այդ, նրա պնդմամբ, տարբեր երկրների հարյուրավոր պատանդներ ազատվել և վերադարձել են տուն։

Ամերիկայի նախագահը թվարկել է նաև իր մյուս ձեռքբերումները, այդ թվում՝ հաղթանակը Վենեսուելայի պատերազմում և, ինչպես ինքն է արտահայտվել, այդ երկիրը ղեկավարած դաժան բռնապետի ձերբակալությունը։ Թրամփը նաև հայտարարել է, որ խոչընդոտել է Իրանին, որը նա անվանել է ահաբեկչության գլխավոր հովանավոր պետություն, միջուկային զենք ունենալ։

«Եվ չնայած այս ամենին՝ ես կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները չենք ստացել Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Ա՛յ քեզ բան», — գրել է Թրամփը։

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի կողմից։ Այն շնորհելու որոշումն ընդունվում է ամերիկյան վարչակազմից անկախ։