Թագավոր Չարլզ III-ը խոսել է Մեծ Բրիտանիայի կողմից քենիացիների դեմ անկախության համար պայքարի ընթացքում «զզվելի և անհիմն բռնության ակտերի» մասին, սակայն, չնայած իրավապաշտպան կազմակերպությունների պահանջներին, ներողություն չի խնդրել, գրում է Guardian-ը։
Բրիտանացի միապետն այս մասին հայտարարել է իր պատվին Քենիայում կազմակերպված բանկետի ժամանակ, որտեղ նա արտահայտել է իր «ամենամեծ վիշտը» և «խորին ափսոսանքը» անցյալի «չարագործությունների» համար։
Մինչ Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն գովաբանել է թագավորի «օրինակելի քաջությունը»՝ լույս սփռելով «տհաճ ճշմարտությունների» վրա, նա Աֆրիկայում մղվող պայքարին գաղութատիրական արձագանքն անվանել է «հրեշավոր իր դաժանությամբ»: Նրա խոսքով՝ «դեռ շատ անելիք կա՝ ամբողջական փոխհատուցման հասնելու համար»։
Ավելի վաղ Քենիայի Մարդու իրավունքների հանձնաժողովը (KHRC) կոչ էր արել Չարլզ թագավորին «միանշանակ հրապարակային ներողություն խնդրել»։
Հանձնաժողովը հայտնել է, որ ապստամբների դեմ բրիտանական վարչակազմի պայքարի ընթացքում 90 հազար քենիացի մահապատժի է ենթարկվել, խոշտանգվել կամ հաշմանդամ է դարձել:
Խնջույքի ժամանակ դիմելով Ռուտոյին՝ թագավորն ասել է. «Անցյալի չարագործությունները ամենամեծ վշտի և խորը ափսոսանքի պատճառն են: Քենիացիների նկատմամբ իրականացվել են զզվելի և անհիմն բռնության գործողություններ, երբ նրանք, ինչպես դուք ասացիք ՄԱԿ-ում, ցավոտ պայքար էին մղում անկախության և ինքնիշխանության համար, և դա չի կարող արդարացում ունենալ: Ինձ համար կարևոր է, որ ես ավելի խորը ըմբռնում ձեռք բերեմ այս անարդարությունների մասին և հանդիպեմ նրանցից ոմանց, ում կյանքն ու համայնքներն այնքան խորն են տուժել:
Սրանցից ոչ մեկը չի կարող փոխել անցյալը: Բայց ազնվորեն և բացահայտ անդրադառնալով մեր պատմությանը, մենք կարող ենք այսօր ցույց տալ մեր բարեկամության ուժը: Եվ դրանով ես հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել էլ ավելի ամուր կապեր կառուցել դեռ երկար տարիներ»:
1952-1960 թվականներին, Քենիայի անկախության համար պայքարի գագաթնակետին, բրիտանացի զինվորները մոտ 1,5 միլիոն քենիացիների, որոնք կասկածվում էին Մաու Մաուի հակագաղութային ապստամբության մեջ ներգրավված լինելու մեջ, պահել են համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նրանք ենթարկվել են խոշտանգումների, բռնաբարությունների և անմարդկային վերաբերմունքի:





























