ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունով  տրված 40 հազար դոլար արժողությամբ չեկի պատճենը, որը ներկայացնում է Չինաստանից ստացված ապօրինի ճանապարհով օրինականացված  փողերը։

Հանձնաժողովի նախագահ հանրապետական ​​Ջեյմս Քոմերը  X սոցիալական ցանցում գրել է. «Չինաստանից 40 հազար դոլար ապօրինի լվացված փողերը հայտնվել են Ջո Բայդենի բանկային հաշվին անձնական չեկի տեսքով»: Քոմերը նաև հրապարակել է չեկի պատճենը, որը, ինչպես ասվում է, գտնվում է վերահսկիչ հանձնաժողովի մոտ: Փաստաթղթի համաձայն, որի իսկությունը դեռ չի հաստատվել Սպիտակ տան կողմից, 2017 թվականի սեպտեմբերի 3-ին Բայդենի անունով  40 հազար դոլարի չեկ է տրվել Սառա Բայդենի անունից, որը  ներկայիս նախագահի եղբոր՝  Ջեյմսի կինն է։

Քոմերի պնդմամբ, այդ միջոցները ստացվել են 2017 թվականի ամռանը Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ կապված չինական մի ընկերության հետ կասկածելի գործարքի արդյունքում։ 5 միլիոն դոլարի միջոցներ չինական ընկերությունից փոխանցվել են Hudson West III համատեղ ձեռնարկությանը, որի հիմնադիրներից մեկը ներկայիս նախագահի որդին է՝ Հանթեր Բայդենը։

Դրանից հետո Hudson West III-ից  400,000 դոլար է փոխանցվել Owasco P.C.-ին, որը, Քոմերի պնդմամբ, ամբողջովին վերահսկվում էր Հանթերի կողմից: Այնուհետև Owasco P.C-ից  150,000 դոլարն անցել է Lion Hall Group-ին, որը, ըստ հանրապետականի, պատկանում է Ջեյմս և Սառա Բայդեններին: Վերջինս կանխիկացրել է 50 հազար դոլար և տեղադրել իր և ամուսնու անձնական հաշվեհամարին։ Որտեղից  40․000 դոլար որպես «պարտքի մարում» ուղարկվել է Ջո Բայդենին։