Նիդեռլանդները Ուկրաինային կտրամադրի 500 մլն եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի զինամթերք։ Այս մասին Ուկրաինա կատարած երկօրյա այցի ժամանակ հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենը, հաղորդում է Het Parool-ը։

«Նրանք (ուկրաինացիները) աջակցության կարիք ունեն՝ պայքարը շարունակելու համար։ Տվյալ դեպքում խոսքը զինամթերքի մասին է։ Այդ կապակցությամբ մենք կարողացանք Ուկրաինային առաջարկել օգնության նոր փաթեթ»,- ասել է նա, հաղորդում է «Головне в Україні» պորտալը։

Նախարարը նշել է, որ օգնությունը կուղարկվի մինչև հաջորդ տարվա կեսերը, իսկ փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 500 մլն եվրո, որից մոտ 260 մլն եվրոն կծախսվի հրետանային արկերի, իսկ 240 մլն եվրոն՝  տանկերի համար զինամթերքի վրա։

Նիդեռլանդները կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային «այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի», վստահեցրել է Օլոնգրենը։