Անցած մի քանի օրերին տեղացած ուժեղ անձրեւները կրկին հարուցել են Գյումրիի տնակային թաղամասերի բնակիչների զայրույթը: Խոսքը ավելի կոնկրետ վերաբերում է Գյումրիի «Ավտոկայան» բանավանի եւ «Շատրվան» կոչվող թաղամասերին: Տնակային այդ ավանների բնակիչները տուժում են ամեն անգամ ուժեղ անձրեւներից հետո, երբ սելավաջրերը լցվում են տնակներ:

«Այսպես արդեն հնարավոր չէ, ամեն անգամ անձրեւներից հետո, պատկերն այսպիսին է: Մի օր էնքան անձրեւ էր լցվել տուն, որ դույլերով ու տարաներով սկսել էինք ջուրը նկուղից հանել: Դրանից հետո մինչեւ տունը սկսում է չորանալ, նոր անձրեւներ են գալիս»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է Գյումրիի «Ավտոկայան»-ի բանավան կոչվող տնակային թաղամասի բնակիչներից Ռոզա Ծատուրյանը: Նրա խոսքով, իրենք գնալու ոչ մի տեղ չունեն, քանի որ բոլորն էլ անօթեւանի կարգավիճակ ունեն ու սպասելու են այնքան, մինչեւ Մուշ-2 թաղամասում բնակարանները հանձնեն շահագործման:

Ի տարբերություն «Ավտոկայան» թաղամասի, «Շատրվաններ» թաղամասում բնակիչների համար նոր բնակարաններ ստանալու հեռանկար չկա: Այստեղ ապրում են վագոն-տնակներում, սակայն անօթեւանի կարգավիճակ չունեն, ուստի եւ «հավերժ կռվելու ենք էս անձրեւի ու քամու դեմ»:

«Փոքր երեխա ունենք: Տանը սարսափելի վիճակ է, հենց անձրեւ է գալիս, անընդհատ կաթում ու կաթում է»,-դժգոհել է գյումրեցի Սիլվա Ոսկանյանը, ով ապրում է տնակում: Տնակում են ապրում նաեւ նրա երկու որդիները, հարսներով ու թոռներով: