Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից։ Նա նոյեմբերի 4-ին, կառավարության նիստից առաջ հայտարարել է, որ արդեն համապատասխան փաստաթղթերը ուղարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահին։ «Ես որոշեցի թեթեւացնել ռուսական կողմի հոգսը, եւ քանի որ Ռուսաստանի Դաշնության սահմանադրությունը չի նախատեսում քաղաքացիությունից զրկելը, ես ինքս որոշեցի հրաժարվել քաղաքացիությունից»,- նշել է Վրաստանի ԱԳՆ նախարարը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՌԴ Պետդումայի «Արդար Ռուսաստան» կուսակցության անդամ Սեմյոն Բաղդասարովը առաջարկել է Վրաստանի վարչապետ Գրիգոլ Վաշաձեին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։

Բաղդասարովը Պետդումայի նիստին զայրույթ էր հայտնել, որ Վաշաձեն վրացական քաղաքացիության հետ մեկտեղ՝ ունի նաեւ ռուսական քաղաքացիություն։ «Դրանից օգտվելով՝ նա ազատ երթեւեկում է աշխարհով՝ ջանալով հակառուսական խարտիա կազմավորել»,- ասել է Բաղդասարովը։ Սակայն Դուման հավանություն չի տվել այդ առաջարկին։

Օրերս Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության քարտուղար Իյա Մախարաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն մտադիր չէ իր նախաձեռնությամբ հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից։ Թե ի՞նչն է ազդել վրաց նախարարի դիրքորոշման կտրուկ փոփոխման վրա, դեռ չեն հայտնում։