Գազայի հատվածի 35 հիվանդանոցներից 20-ը դադարեցրել են աշխատանքը, մի մասն ամբողջությամբ ավերվել է։ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը, որոնց մի մասն ավերված է, խիստ մտահոգիչ է։ 35 հիվանդանոցներից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել են գործել, քանի որ չկա վառելիք, ջուր և էլեկտրականություն»,- ասաց նա։
Բորելը նշել է անկլավի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունները։ «Մենք ավելացրել ենք մարդասիրական օգնությունը [Գազային] մինչև 100 միլիոն եվրո, բայց այդ օգնությունը պետք է հասցվի: Անիմաստ է այն տրամադրել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա»,- հավելել է նա:





























