Գազայի հատվածում հրադադար պահանջող հրեա ակտիվիստների գլխավորած հարյուրավոր ցուցարարներ նստացույց են կազմակերպել Կալիֆոռնիայի Օքլենդի դաշնային շենքում, ինչը բազմաթիվ ձերբակալությունների է հանգեցրել, հաղորդում է AP-ն: 

Երկուշաբթի երեկոյան Ռոնդալդ Դելլումսի դաշնային շենքի ռոտոնդայում մարդիկ՝ «Հրեաները հրադադար են պահանջում» գրությամբ շապիկներ հագած և «Ոչ հանուն մեզ» և «Թող Գազան ապրի» գրություններով պաստառներով նստացույց են կազմակերպել:

Բողոքի ցույցի կազմակերպիչներից «Հրեական Ձայն՝ հանուն խաղաղության»-ը հայտնել է, որ մինչև երեկոյան ժամը 21-ը տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել:

Ցուցարարներին ոստիկանները դուրս են բերել շենքից։

Բողոքի ցույցը ամբողջ երկրում աճող բողոքի ցույցերի մի մասն էր՝ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի անսպասելի հարձակման հետևանքով առաջացած մարտերից հետո, որոնց պատասխան գործողությունները Գազայի հատվածում հազարավոր զոհերի և համատարած ավերածությունների հանգեցրին:

Հարյուրավոր հրեա ակտիվիստներ երկուշաբթի պիկ ժամին հավաքվել էին Չիկագոյի կենտրոնում գտնվող գլխավոր երկաթուղային կայարանում՝ արգելափակելով Իսրայելի հյուպատոսության մուտքը և Իսրայելում հրադադար հաստատելու համար պահանջելով ԱՄՆ աջակցությունը: