Մեծ Բրիտանիայի նոր արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը, ով անսպասելիորեն վերադարձավ քաղաքականություն, որպես բրիտանական դիվանագիտության ղեկավար իր առաջին արտասահմանյան աշխատանքային այցի համար ընտրեց Կիևը: 

«Լավ հանդիպում: Զենք ռազմաճակատի համար, հակաօդային պաշտպանության ամրապնդում, մեր ժողովրդի և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանություն: Ես շնորհակալ եմ Մեծ Բրիտանիային աջակցության համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցերում։

Քեմերոնը խոստացել է, որ Բրիտանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել «բարոյական, դիվանագիտական, տնտեսական, բայց առաջին հերթին ռազմական աջակցություն»:

«Ոչ միայն այս տարի, այլ նաև հաջորդ տարի։ Որքան պետք է»,- հավելել է նա։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին աշխարհն այնքան էլ կենտրոնացած չէ Ուկրաինայի իրավիճակի վրա։

Լոնդոնը և Կիևը «վճռական են աշխատել միասին հաղթանակի ճանապարհին», - Twitter-ում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Հաղորդվում է, որ Քեմերոնը խոստացել է օգնել Սև ծովը ազատել ռուսական սպառնալիքներից, ինչպես նաև աջակցել ուկրաինական արտահանմանը։