Ստամբուլի Շիշլի թաղամասի Հրանտ Դինքի սպանության վայրին կից փողոցը կկոչվի Հրանտ Դինքի անունով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Evrensel» կայքէջը:

Հուլիսի 8-ին Շիշլիի քաղաքային խորհրդի ժողով է գումարվել, որի ժամանակ Շաֆաք անունը կրող փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով: Ժողովին ներկա են եղել խորհրդի բոլոր անդամները, սակայն նրանցից ոչ ոք այդ առաջարկությանը դեմ հանդես չի եկել:

Նշենք, սակայն, որ այս որոշումը դեռ վերջնական չէ: Շիշլիի քաղաքային խորհրդի որոշումը պետք է հաստատվի նաեւ Ստամբուլի քաղաքային խորհրդի կողմից: Եթե այստեղ որոշումն ընդունվի, փողոցի անունը կփոխվի, իսկ եթե Ստամբուլի քաղաքային խորհուրդը որոշի չփոխել փողոցի անունը Հրանտ Դինքի անունով, ուրեմն պետք է սպասել եւ նորից քվեարկության դնել Ստամբուլի քաղաքային խորհրդում: Ըստ օրենքի, եթե Ստամբուլի քաղաքապետարանը երեք անգամ մերժի անվանափոխության առաջարկը, վերջին որոշումը մնում է Շիշլիի քաղաքային խորհրդինը: