Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ չի համարում  Ռուսաստանի Դաշնության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից դուրս գալը, իսկ  ՄԱԿ-ից երկրի դուրս գալու առաջարկները հիմարություն է անվանել։

«Կարծում եմ՝ նման անհրաժեշտություն չկա, ինչո՞ւ։ Սա հարթակ է, որտեղ մարդիկ շփվում են միմյանց հետ և աշխատում։ Մենք ունենք բավականին լուրջ ծրագրեր, որոնք իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցով։ Ոմանք ասում են, որ մենք պետք է դուրս գանք ՄԱԿ-ից, բայց դա հիմարություն է, քանի որ Ռուսաստանն է, իրականում,  այդ կազմակերպությունների հիմնադիրը․ ինչո՞ւ պետք է դուրս գանք դրանցից»,- ասել է ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակութային ֆորումում՝ Միացյալ մշակույթների ֆորումում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը կարծում է, որ այդ կառույցները պետք է համապատասխանեցվեն աշխարհում տիրող նոր իրավիճակին։ «ՄԱԿ-ը և ՄԱԿ-ի այլ ինստիտուտներ առաջացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և արձանագրել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները։ Իրավիճակը փոխվում է և լրջորեն փոխվել է։ Նոր ուժային կենտրոններ, աճի նոր կենտրոններ են ի հայտ գալիս և արդեն հայտնվել են։ <...> Փոփոխված և փոփոխվող աշխարհին  անհրաժեշտ է հարմարեցնել միջազգային կազմակերպությունները՝ և՛ ՄԱԿ-ը, և՛ մյուս բոլոր կառույցները։ Դա պետք է արվի արդարացիորեն. Աֆրիկան ​​պետք է ներկայացված լինի, Լատինական Ամերիկան, Ասիան, Հնդկաստանը, Բրազիլիան, ՀԱՀ-ը»,- ասել է Պուտինը: