Հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբին նախատեսված է Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյայի այց Իսրայել: Պաշտոնյան քննարկելու է քաղաքական եւ ռազմավարական բնույթի հարցեր: Անուղղակի նախանշաններից դատելով` նրա խնդիրն է ստուգել ռազմական ոլորտում կապերի հաստատման հավանականությունը, թեկուզ ամենասահմանափակ ձեւաչափով, հաղորդում է IzRus կայքը:
Այցի նախապատրաստմամբ զբաղվում է Իսրայելի ԱԳՆ-ի Կենտրոնական Եվրոպայի եւ Եվրասիայի «Եվրասիա-2» բաժինը, սակայն պաշտոնական անձինք չեն շտապում մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Կայքը դիմել է արտաքին քաղաքական գերատեսչություն եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Նախարարությունն առայժմ հետաքրքրված չէ այդ այցի վերաբերյալ արձագանքելու մեջ»: Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մերոմն ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանություն անել:
Վերջին շրջանում` Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հակամարտության ֆոնին Հայաստանում կարծիքները բաժանվել են հրեական պետության հետ հարաբերությունների հարցում: Մ ի մասը կարծում է, որ պետք է օգտվել հակամարտությունից հանուն սեփական շահերի, մյուսը` կարծում է, որ Իսրայելը հայկական հարցում ղեկավարվում է սեփական մղումներով եւ անկեղծ մտադրություններ չունի սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, գրում է կայքը:




























