2011 թ. 9 ամսում (հունվար-սեպտեմբեր) պետական բյուջեից 25.2 մլրդ դրամ է հատկացվել Հայաստանի պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ինն ամսվա ծրագրի 87.2%-ը: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի 9 ամսվա կատարողական հաշվետվությունու, որն այսօր` հոկտեմբերի 25-ին հրապարակել է ֆինանսների նախարարությունը:
Մասնավորապես` նշված գումարից 16.2 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 15.3%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին:
Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության` գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ դրանք դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն եւ հուսալի միջոց:



























