Ներկա պահին Կիեւում վհատվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արագ հաղթանակի հետ կապված, գրել է Guardian-ը։
Լուրեր են պտտվում, որ լարվածություն կա Վլադիմիր Զելենսկու թիմում։ Իսկ երկար սպասված ամառային հակահարձակումը կանգնեցվել է ռուսական անանցանելի ականադաշտերի պատճառով։
Մերձավոր Արեւելքում սկսված սարսափը եւս շեղել է ուշադրությունն Ուկրաինայից։ Արեւմտյան մայրաքաղաքներում աճում է «հոգնածությունն Ուկրաինաից»։
Կան, սակայն, մի քանի վառ պահեր։ Մարտադաշտում լուրեր են հայտնվում այն մասին, որ ուկրաինական զորքերը ամրացել են Դնեպր գետի արեւելյան ափին Խերսոնի մարզի հարավում, ինչը, գուցե, ճանապարհ կբացի դեպի Ղրիմ։
Բայց առայժմ ուկրաինացիները պատրաստվում են եւս մեկ ձմռան Ռուսաստանի կողմից կրիտիկականորեն կարեւոր ենթակառուցվածքի դեմ Ռուսաստանի գրոհի նախապատրաստմամբ։ Եվ Դոնբասի ու Ղրիմի վերադարձի լավատեսությունը սկսել է մարել։
«Դա այն հաղթանակը չի լինի, որի մասին մենք երազում էինք, եւ այն շատ ավելի ժամանակ կխլի, քան պատկերացնում էինք»,- ասել է ենթակառուցվածքի նախկին նախարար Վլադիմիր Օմելյանը։
Հարցումները ցույց են տալիս, որ ուկրաինացիների մեծ մասը դեմ է Ռուսաստանի հետ բանակցություններին, մանավանդ եթե դրանք ենթադրում են կորսված տարածքների ճանաչում։
«Մենք պատրաստ ենք 300 000 կամ 500 000 ուկրաինացի զինվորի կյանք ուղարկել Ղրիմի զավթման եւ Դոնբասի ազատագրման համար, եւ եթե մենք ստանանք անհրաժեշտ քանակությամբ տանկեր եւ F16-ներ արեւմուտքից, մենք կկարողանանք անել դա»,- ասել է Օմելյանը։
Բայց դա կարող է լինել ցանկալին որպես իրականություն ընդունելու պես մի բան։ Զելենսկին հայտարարել է, որ ցանկացած բանակցություն օգտակար կլինի միայն Ռուսաստանին։
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ընդունել է, որ սա պատերազմի դժվար փուլն էր, բայց ասել է, որ այդ փուլը «պահանջում է ամենադժվար եւ ամենաուժեղ կենտրոնացումը», որպեսզի շարունակենք առաջ գնալ։ Զելենսկու հետ լրագրող Սայմոն Շուստերի վերջերս կայացած հարցազրույցը թույլ է տալիս ենթադրել, որ անգամ Զելենսկու մերձավոր շրջապատում եղել են մարդիկ, ովքեր կասկածել են, որ նա հավատում է Ուկրաինայի հաղթանակին։
Հակամարտությունը Մերձավոր Արեւելքում
ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա եւ Իսրայելի պատասխան հարձակումը Գազայի հատվածի վրա Ուկրաինայի համար բարդ էին երեք պատճառով։ Նախ՝ պատերազմը Մերձավոր Արեւելքում հանգեցրեց այն բանին, որ գուցե 2022թ. փետրվարից հետո առաջին անգամ Ուկրաինան գլխավոր հարցը չէր արեւմտյան առաջնորդների համար։
Երկրորդ՝ Զելենսկու խոսքով, դա նշանակում էր զինամթերքների մատակարարումների կրճատում։
Երրորդ՝ կան Ամերիկայի իսրայելամետ դիրքորոշմանն աջակցելու Զելենսկու որոշման հետեւանքները։ Նա ՀԱՄԱՍ-ը եւ Ռուսաստանն անվանել է «միեւնույն չարիքը»։ Դա խափանել է Ուկրաինայի՝ Մերձավոր Արեւելքում դաշինքներն ընդլայնելու ձգտումը, ինչը արտաքին գործերի վերջերս նշանակված նախարար Ռուստեմ Ումերովի լիազորությունների կարեւոր մասն էր։
Թրամփի երկրորդ ժամկետի հեռանկարը
ԱՄՆ նախագահական ընտրություններին մնացել է մեկ տարի, եւ Թրամփի պոտենցիալ վերադարձը տագնապալի հեռանկար է շատերի համար Կիեւում։
Պաշտոնյաները հայտարարում են, որ վստահ չեն, որ Սպիտակ տան աջակցությունը կշարունակվի, ով էլ որ լինի իշխանությունում, բայց մասնավոր կարգով անհանգստություն կա՝ կապված Թրամփի նախագահ լնելու հետ։ Անգամ առանց Թրամփի հանրապետականները կարող են չեղարկել Բայդենի վարչակազմի քաղաքականությունն Ուկրաինայի հարցում։
Քաղաքականության վերադարձը
Պատերազմի առաջին տարում ուկրաինացիները միավորվել էին Զելենսկու շուրջ Ռուսաստանի դեմ պայքարում։ Բնականաբար, ժամանակի ընթացքում այդ միավորումը սկսեց խափանվել։
Մարտին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին ենթադրություններ են հայտնվել, որ Զելենսկին կարող է փորձել քվեարկությունն անցկացնել՝ իրեն նոր մանդատ տրամադրելով պատերազմի ավելի դժվար փուլով պայմանավորված։
Այս ակնարկները խիստ արձագանք են առաջացրել քաղաքացիական հասարակությունում, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընտրությունները հիմա անցկացնելն անհնար է թե՛ լոգիստիկայի, թե՛ անվտանգության տեսակետից։
Զարգացած դեմոկրատական երկրների մեծ մասը համաձայն է. ընտրություններ չեն կարող անցկացվել պատերազմի ժամանակ։ «Յուրաքանչյուրը պետք է մեկ առաջնահերթություն ունենա՝ պետության պաշտպանությունը»,- ասել է «Օպորա» ուկրաինական հասարակական կազմակերպության նախագահ Օլգա Այվազովսկայան։
Զելենսկին ի վերջո բացառել է ընտրությունները հաջորդ գարնանը, բայց անկախ նրանից՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, հիմա կա զգուշավորություն պատերազմի ժամանակ միասնականության հարցում։ «Սեւ փիառի» եւ կոմպրոմատի քարոզչությունը նորից տարածվում է Թելեգրամ-ալիքների միջոցով, որտեղից էլ ուկրաինացիների մեծ մասն ստանում է նորությունները։
Զելենսկու վարկանիշները նախկինի պես բարձր են, ինչպես եւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիինը։
Երբ Զալուժնին վերջերս Economist ամսագրի հարցազրույցում իրավիճակը մարտադաշտում «պատային» էր անվանել, Զելենսկին եւ նրա խորհրդականները քննադատել էին այդ տերմինի օգտագործումը։ Պոդոլյակը հերքում է նրանց միջեւ կոնֆլիկտի առկայությունը։ «Զելենսկին նրա անմիջական պետն է, կոնֆլիկտ ըստ էության չպետք է լինի»,- ասել է նա։
Լեհաստանի նախկին դեսպան Չիխոցկին ասել է, որ ակնհայտ է, որ վերջ=ն ամիսներին տեղի է ունեցել քաղաքական պայքարի բռնկում։ «Քաղաքականությունը վերադարձել է Ուկրաինա»,- ասել է նա։





























