Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում նախագահը ողջունել է Բերտրան Դելանոեին՝ Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի Գլխավոր Վեհաժողովի տարեկան նիստը Երեւանում գումարելու եւ այն նախագահելու կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ Հայաստանը սիրով է հյուընկալել այս միջազգային կարեւոր հանդիպումը, որը համախմբում է ամբողջ աշխարհի ֆրանկոֆոն երկրների մայրաքաղաքների մեծ թվով քաղաքապետերի, եւ որը վկայում է այն կարեւորությունը, որ Հայաստանը տալիս է Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների հետ միջմշակութային երկխոսությանն ու տնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանը:
Փարիզի քաղաքապետ, Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ Վեհաժողովի նիստը Երեւանում անցկացնելու հնարավորության համար:
Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին՝ զրուցակիցները նշել են, որ հատկապես վերջին մեկ ամսում իրականացված բարձր մակարդակի փոխայցելությունները եւ դրանց շրջանակներում կազմակերպված միջոցառումներն ավելի են ամրապնդել երկու երկրների միջեւ բարեկամության առանց այդ էլ ամուր հիմքերը: Եվ այժմ լավատեսորեն ու վստահ կարելի է ասել, որ համագործակցությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ այդ ոգով կշարունակի զարգանալ:




























