Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 26-ին, ընդունել է հոկտեմբերի 25-28-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պատվիրակությանը` հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասի գլխավորությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանը կարեւորել է պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ այն կնպաստի հարկային ոլորտում բարեփոխումների իրականացման վերաբերյալ տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը, ինչպես նաեւ հնարավորություն կտա քննարկել ոլորտի հրատապ նշանակություն ունեցող խնդիրները եւ մարտահրավերները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մոդեստաս Կազելիաուսկասը նշել է, որ այցի նպատակը երկու երկրների գերատեսչությունների միջեւ հարկային ոլորտում երկկողմ տեխնիկական գործակցության հարցերի քննարկումն է: Նա անդրադարձել է Լիտվայի հարկային պետական ծառայության գործունեությանը, մանրամասներ ներկայացրել հարկային ոլորտում բարեփոխումների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:
Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստանն ու Լիտվան հաջողություններ են արձանագրել հարկային բարեփոխումների մի շարք ուղղություններով եւ կարեւորել փորձի փոխանակումը ռեֆորմների արդյունավետության բարձրացման առումով:
Նշենք, որ վաղը` հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Լիտվայի ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Մոդեստաս Կազելիաուսկասը կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի եւ Լիտվայի Հանրապետության ֆինանսների նախարարությանն առընթեր հարկային ծառայության միջեւ տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր։



























