Ստամբուլում ձերբակալվել է թմրանյութերի մաքսանենգությամբ, զենքի ապօրինի վաճառքով և կողոպուտներով զբաղվող բրիտանական հանցախմբի պարագլուխը, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտարարել է, որ Անգլիայի հյուսիս-արևելքում գործող հանցախմբի պարագլուխ Շոն Մոնաղանը հետախուզվում է Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ: Նա նշել է, որ Մոնաղանը Թուրքիա է ժամանել հոկտեմբերին, իսկ Ինտերպոլի ծանուցումը հրապարակվել է երեքշաբթի:
Նախարարի խոսքով՝ թուրքական ոստիկանությունը հայտնաբերել է, որ Մոնաղանը բնակվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում․ նրան ձերբակալել են չորեքշաբթի օրը:
Մոնաղանը զբաղվում էր կոկաինի և հերոինի տարածմամբ, ինչպես նաև զինված կողոպուտով։
Ըստ աղբյուրի՝ այս գործողությունը վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած ձերբակալությունների շարքում վերջինն է, որոնք ուղղված են միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ:
Անցյալ ամիս Երլիկայան հայտնել էր, որ Թուրքիան ձերբակալել է Ավստրալիայում թմրանյութերի մաքսանենգության համար հետախուզվող գլխավոր փախստական Հաքան Այիկին և ևս 36 մարդու, որոնք ներգրավված են միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ։ Այիկին նույնպես հետապնդվում է ԱՄՆ-ի և Նոր Զելանդիայի իշխանությունների կողմից։
Նա նաև հանգստյան օրերին տեղեկացրել է, որ ոստիկանությունը ձերբակալել է «օրենքով գող» Շամիլ Ամիրովին:





























