Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Մեքքայական դաշինքը բացառապես պաշտպանական բնույթ ունի, և Անկարան այս համատեքստում չի ուղարկի զորքեր այլ երկրներ՝ հարձակողական գործողություններին մասնակցելու համար։
«Ես հստակ հայտարարում եմ, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն պաշտպանությանը։ Երբ այս համաձայնագրի ստորագրող երկիրը ենթարկվում է հարձակման, դուք պետք է կանգնեք նրա կողքին և պաշտպանեք նրան։ Սա հարձակման մասին համաձայնագիր չէ։ Թուրքիան չի ուղարկի զորքեր այլ երկրի տարածք՝ հարձակում իրականացնելու համար», - ասել է նա Անկարայում Հունգարիայի իր պաշտոնակից Անիտա Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա հավելել է, որ Մեքքայական համաձայնագրի շրջանակում համագործակցությունը «զարգանում է, և ռազմական պատվիրակությունները միասին կաշխատեն՝ որոշելու, թե ինչպիսի պաշտպանական միջոցներ են անհրաժեշտ [Սաուդյան Արաբիային] օպերատիվ գոտում, ինչ ներդրում կարող է ունենալ Պակիստանը և ինչ ներդրում կարող է ունենալ Թուրքիան»։
«Սաուդյան Արաբիան արդեն ունի խոշոր ռազմատեխնիկական ենթակառուցվածք։ Այն ունի մեծ քանակությամբ տեխնիկա, սպառազինություն և պաշտպանության միջոցներ, որոնք ձեռք են բերվել անցած տարիների ընթացքում։ Բայց, իհարկե, այստեղ կարևոր են նաև համատեղ պլանավորումը, գործողությունների իրականացումը և վերլուծությունը», - նշել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան «անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրավիճակը կարգավորվի խաղաղության և երկխոսության միջոցով»։ «Այս հարցում կա Սաուդյան Արաբիայի կառուցողական աջակցությունը։ Բայց ես ևս մեկ անգամ ասում եմ՝ մենք ունենք պաշտպանական համաձայնագիր։ Երբ մասնակից երկիրը ենթարկվում է հարձակման, դուք կանգնում եք նրա կողքին՝ նրան պաշտպանելու համար», - ասել է արտգործնախարարը։ Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան Սաուդյան Արաբիայի շուրջ ընթացիկ իրավիճակը և հուսիների հարձակումները դիտարկում է ավելի լայն տարածաշրջանային համատեքստում։ «Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել քաղաքական առումով [կարգավորման համար] կողմերի միջև միջազգային մակարդակով, որպեսզի տարածաշրջան բերենք ավելի մեծ խաղաղություն։ Որովհետև կա նաև Իրանը, կա պատերազմը, որը Իրանը վարում է Ամերիկայի դեմ, կան այլ հարցեր։ Մենք փորձում ենք այս ամենը դիտարկել ավելի լայն պատկերի շրջանակում», - նշել է Ֆիդանը։
Ավելի վաղ Middle East Eye պարբերականը, հղում անելով թուրք պաշտոնյաներին, հայտնել էր, որ Անկարան քննարկում է Սաուդյան Արաբիա սահմանափակ ռազմական զորախումբ և տեխնիկա ուղարկելու հնարավորությունը՝ կենսական ենթակառուցվածքները և սրբազան քաղաքները հուսիների հարձակումներից պաշտպանելու համար։ Պարբերականը նշում էր, որ ծրագրերը չեն նախատեսում Թուրքիայի անմիջական մասնակցությունը Եմենում ռազմական գործողություններին։





























