ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին, նշեց՝ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։
«Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող եւ չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ը առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է եւ պետության եւ ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է դա»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրակացություն»:
Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ հայտնի չէ, Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,-ասաց նա։





























