Ադրբեջանի բնակչությունը այս տարվա ապրիլի 13-ի դրությամբ հասել է 8 միլիոն 922 հազար մարդու: Ինչպես «ԱՊԱ-էկոնոմիստ»-ին հայտնել են Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեից, 1999 թվականի հունվարի հետ համեմատած, երկրի բնակչությունը ավելացել է 969 հազարով: Բնակչության 54 տոկոսն ապրում է քաղաքներում, 46 տոկոսը` գյուղերում: Ապրիլին անցկացրած մարդահամարի տվյալներով, բնակիչների 4 միլիոն 372 հազարը տղամարդիկ են, իսկ 4 միլիոն 550 հազարը` կանայք: Այսինքն կանայք 178 հազարով շատ են տղամարդկանցից:
Այդ երկրի վիճպետկոմում նշել են, որ Բաքվի բնակչությունը կազմում է 2 միլիոն 46 հազար, Նախիջեւանի Ինքնավար հանրապետության բնակչությունը` 398 հազար: Համեմատած մեծ բնակչություն ունեն Գյաջան (Կիրովաբադ կամ Գանձակ)` 313 հազար մարդ, Սումգայիթը` 310 հազար մարդ, Մինգեչաուրը` 96 հազար մարդ, Նախիջեւանը` 74 հազար մարդ, Եվլախը` 58 հազար մարդ, Լենքորանը` 50 հազար մրդ: Ի դեպ, այդ թվում նշված է նաեւ Ստեփանակերտը, որտեղ ըստ 1989 թվականի տվյալների ապրում է 55 հազար մարդ:




























