Մեր նպատակն է վնասակար նյութերի արտանետումները հասցնել զրոյի։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը (ֆոտոռեպորտաժ

Նա տեղեկացրել է այն թվերին հասնելու մտադրության մասին, որոնք ստանձնել է Հայաստանը միջազգային հարթակներում։

Ստեփանյանը նշել է, որ խոսքը մինչեւ 2030թ. 40 տոկոսով վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու մասին է։ «Զրոյական արտանետումների հասնելու համար պետք է լուրջ քայլեր ձեռնարկել, եւ մենք պարտավոր ենք ձգտել դրան, բայց այդ նպատակին անհնար է հասնել 2040-2050թթ. շուտ»,- ավելացրել է նա։

Զանգեզուրի կոմբինատի ներկայացուցիչը նշել է, որ օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվելը, չմտածելով բնապահպանական հետեւանքների մասին, խնդիրներն ապագա սերունդներին թողնելով, անպատասխանատու գոծունեություն է։ «Մենք կարող ենք կրկնապատկել եւ անգամ եռապատկել հզորությունները, բայց առանց էթիկայի բաղադրիչի այդ ամենը ոչ մեկին պետք չէ։ Իսկ ահա հավասարակշռված բնապահպանական, կառավարչական, ֆինանսական մոտեցման կիրառումը կապահովի արդյունաբերական հնարավորությունների կայուն զարգացում»,- ասել է նա։ Ստեփանյանը նշել է հանրության իրազեկվածության կարեւորությունը, ինչը թույլ կտա խուսափել մանիպուլյացիաներից լեռնահանքային արդյունաբերության հարցում։

Սուր բնապահպանական խնդիրներից մեկը ջրի խորացող դեֆիցիտն է՝ կլիմայական փոփոխությունների հետեւանքով։ «Դա ազդում է արդյունաբերական ոլորտի վրա։ Այլ սուր խնդիրներից են թափոնների կառավարումը, վերականգնվող էներգիային անցման միջոցները։ Այդ խնդիրների լուծման համար պետք է գոնե երկխոսություն  սկսել լեռնահանքային արդյունաբերության ներկայացուցիչների հետ եւ ավելի ակտիվ կիրառել այն տեխնոլոգիաները, որոնք արդեն կան աշխարհում։ Ընկերությունը ձեռնարկում է եւ կշարունակի ձեռնարկել քայլեր ջրի խնայողության համար։ Դա պարզապես բարի կամքի ժեստ չէ, այլ անհրաժեշտություն ռիսկերի կառավաման համար։ Այդ միջոցներից են ջրամբարների կառուցումը, մաքրող կայանների ներդրումը եւ այլն»,- նշել է Արմեն Ստեփանյանը։