ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Քեթրին Թայի գրասենյակը հայտարարել է, որ երկարաձգում է 301-րդ բաժնի մաքսատուրքերի բացառությունները չինական ապրանքների 352 կատեգորիաների և COVID-19-ի հետ կապված 77 կատեգորիաների համար մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 և 2019 թվականներին Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու համար օգտագործել է 1974 թվականի Առևտրի մասին օրենքի «301-րդ բաժինը»՝ օրենք, որն ուղղված է առևտրային գործընկերների անբարեխիղճ գործելակերպի դեմ պայքարին:

Ներմուծման տուրքերից բացառությունները ներառում են արդյունաբերական բաղադրիչներ, ինչպիսիք են պոմպերը և էլեկտրական շարժիչները, որոշ ավտոպահեստամասեր և քիմիական նյութեր, հեծանիվներ և փոշեկուլներ: COVID-ի հետ կապված բացառությունները ներառում են բժշկական ապրանքներ, ինչպիսիք են դեմքի դիմակները, զննման ձեռնոցները և ձեռքերը ախտահանող անձեռոցիկները:

Նախկինում նախատեսված էր բացառությունների ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը: Գործողության ժամկետի երկարաձգումը թույլ կտա շարունակել քննարկումը օրենքով նախատեսված քառամյա վերանայման շրջանակներում, ասվում է Թայի գրասենյակի հայտարարության մեջ: