Toyota  ընկերությանը պատկանող ճապոնական Daihatsu ավտոարտադրողը դադարեցրել է ներքին արտադրությունը՝ ընդունելով, որ ավելի քան 30 տարի կեղծել է իր մեքենաների անվտանգության թեստերը:

Ապրանքանիշը, որն առավել հայտնի է փոքր մարդատար մեքենաների արտադրությամբ, երեքշաբթի օրվանից դադարեցրել է արտադրությունը ճապոնական իր բոլոր չորս գործարաններում, այդ թվում՝ Օսակայում գտնվող իր կենտրոնակայանում, CNN-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Դադարը կտևի առնվազն մինչև հունվարի վերջ և կանդրադառնա մոտավորապես 9000 աշխատողների վրա, որոնք աշխատում են ներքին  արտադրության մեջ, ասել է  խոսնակը:

Այս քայլը ձեռնարկվել է  այն ​​ժամանակ, երբ Daihatsu-ն պայքարում է անվտանգության ոլորտում խորացող սկանդալի դեմ, որը Toyota-ի կարծիքով «սասանել է ընկերության հիմքերը»:

Անցյալ շաբաթ Daihatsu-ն հայտարարել է, որ անկախ հանձնաժողովը հայտնաբերել է անվտանգության թեստերի կեղծարարության ապացույցներ  մեքենաների 64  մոդելների, այդ թվում՝ Toyota ապրանքանիշի ներքո վաճառածների վերաբերյալ:

Արդյունքում Daihatsu-ն հայտարարել է, որ ժամանակավորապես կդադարեցնի ավտոմեքենաների ներքին և միջազգային   բոլոր մատակարարումները և կխորհրդակցի իշխանությունների հետ, թե ինչպես գործել հետագայում:

Այս սկանդալը ևս մի հարված է ավտոարտադրողին, որը ապրիլին խոստովանել է, որ խախտել է վթարի թեստի ստանդարտները ավելի քան 88,000 մեքենաների նկատմամբ, որոնք հիմնականում վաճառվել են Toyota ապրանքանիշի ներքո այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մալայզիան և Թաիլանդը: