«Մենք միշտ էլ ներկայացնում ենք քանակը, թե հատկապես որ պետական մարմիններից են ամենաշատը բողոքում քաղաքացիները: Միշտ էլ որպես կանոն առաջին 5 տեղերի մասին կարող ենք խոսել. Դա ոստիկանությունն է, դատարանները, դատախազությունը, քաղաքապետարանը եւ կադաստրը: Ժամանակ առ ժամանակ նրանք տեղերով փոխվում են, բայց հիմնականում բողոքների առյուծի բաժինը այս մարմիններից է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Նա նշեց, որ այս պահին ՄԻՊ-ի աշխատակազմում աշխատում են 5 արտասահմանցի փորձագետներ: Երբ պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց, թե արյդո՞ք դրանով ՄԻՊ-ը կախման մեջ չի գտնվում այն կազմակերպություններից, որոնք օգնում եւ փորձագետներ են ուղարկում ՄԻՊ, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ թեեւ այդ փորձագետները վարձատրվում են դրսից, բայց նրանք գործում են իր ենթակայության տակ: Ինչ վերաբերում է մտավախությանը, թե նրանք կարող են խտացնել գույները Հայաստանում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցներում, Պաշտպանն արձագանքեց. «Հանգիստ եղեք, այդ համագործակցությունն այնպիսին չէ, որ գույները խտացնեն: Գույները խտացնել կարող եմ միայն ես: Դոնոր կազմակերպությունները փորձագետներ են ուղարկում, որոնց իրենք են վարձատրում, բայց նրանք աշխատում են իմ ենթակայության ներքո: Եթե գույները խտացնենք, իմացեք, որ դրա հեղինակը ես եմ, ուրիշի վրա չգցեք»:



























