Fix Price-ի համահիմնադիր Արտեմ Խաչատրյանը դուրս է եկել ռեթեյլերի կապիտալից՝ վաճառելով բաժնետոմսերի 35,2%-ը, հայտնել է ընկերությունը։
«Fix Price-ի բաժնետերերից Արտեմ Խաչատրյանը ընտանեկան պատճառներով վաճառել է բաժնետոմսերի իր փաթեթը և հեռացել խմբի տնօրենների խորհրդի անդամի պաշտոնից։ Վաճառված արժեթղթերի ընդհանուր ծավալը կազմել է 299 մլն բաժնետոմս կամ ընկերության կանոնադրական կապիտալի 35,2%-ը»,- ասվում է հաղորդման մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Fix Price-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիրսանովը ձեռք է բերել կանոնադրական կապիտալի 1%-ը կամ 8,5 մլն բաժնետոմս։ Fix Price-ի մեկ այլ մեծամասնական բաժնետեր Սերգեյ Լոմակինը ձեռք է բերել մնացած 34,2%-ը կամ 290,5 մլն բաժնետոմսը։ Ազատ շրջանառության մեջ ընկերության մասնաբաժինը ներկայումս կազմում է 27,5%, հստակեցվում է հաղորդման մեջ։
Fix Price-ը միջազգային շուկայի առաջատարներից է և Ռուսաստանում ցածր ֆիքսված գներով խանութների ամենամեծ ցանցը: 2023 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ցանցն ուներ 6162 խանութ Ռուսաստանում և հարևան երկրներում, կառավարում էր 12 բաշխիչ կենտրոն և գործում էր Ռուսաստանի 80 մարզերում, ինչպես նաև հարևան ութ երկրներում։
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Fix Price-ի զուտ շահույթը ՖՀՄՍ-ի համաձայն ավելացել է 2,2 անգամ՝ մինչև 27,093 մլրդ ռուբլի, հասույթն աճել է 4,1%-ով՝ մինչև 210,196 մլրդ ռուբլի։ Մանրածախ հասույթն աճել է 4,1%-ով և կազմել 186,205 մլրդ ռուբլի, մեծածախինը՝ 4,2%-ով և կազմել 23,991 մլրդ ռուբլի։ Ըստ EBITDA-ի, շահութաբերությունը կազմել է 17,8%՝ 2022 թվականի առաջին ինն ամիսների 19,4%-ի դիմաց:




























