2022-ին մենք տեսանք տրանսֆերտների շատ մեծ աճ, այն գրեթե կրկնապատկվել է. իսկ 2023-ին արդեն այդ բարձր բազայի նկատմամբ նվազում ունենք, բայց դեռեւս այդտեղ շատ մեծ խնդիրներ չենք տեսնում: Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը:

«Այդտեղ մենք ավելի շատ տեսնում ենք նորմալացում, քան արտառոց երեւույթ: Մենք կարծում ենք, որ տրանսֆերտների դերը մեր տնտեսության մեջ գնալով նվազելու է:

2022-ին շատ դժվար է եղել վիճակագրություն հասկանալ, որովհետեւ ոչ առեւտրային եւ առեւտրային նպատակներով տրանսֆերտները տարանջատելը 2022-ին, երբ այդքան մեծ ներհոսք է եղել մարդկային ռեսուրսների, շատ դժվար էր: Այժմ այդ շատ բարձր մակարդակից նորմալացում ենք տեսնում»,-ասաց նա:

Անդրադառնալով միջազգային շուկաներում հիմնական անորոշություններին, ԿԲ փոխնախագահն ասաց. «ԱՄՆ-ում տեւական ժամանակ ունեցել են բարձր գնաճ, եւ խնդիր է, թե ինչ տնտեսական գնով են կարողանալու գնաճը հետ բերել թիրախին: Վերջին ամիսներին լավատեսությունը մի քիչ ավելի շատ է, այսինքն հավանականությունը, որ իրենք կկարողանան ռեցոսիոն սցենարից խուսափել, ավելի մեծացել է, բայց բնականաբար, տնտեսական դանդաղում լինելու է: Իսկ ահա եվրոպական շուկաներում պատկերը հակառակն է, քանի որ էներգակիրների գները եւ 2022-ի աշխարհաքաղաքական զարգացումները եվրոպական տնտեսության վրա շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել: Շատ մեծ է այսօր անորոշությունը Չինաստանի տնտեսության վերաբերյալ, ինչը մեզ համար կարեւոր է, քանի որ պղնձի  գները, որոն ԿԲ-ի համար եւ Հայաստանի տնտեսական աճի համար կարեւոր են, մեծապես կախված են Չինաստանի տնտեսությունից: Բայց շատ մեծ շարժեր վերջին մի քանի ամիսներին չենք տեսել, բայց պետք է տեսնենք: Այժմ հարցն այն է, թե արդյոք աշխարհը գների կայունությանը վերադառնալու համար մեծ տնտեսական գիւն է վճարելու, թե ոչ: Այս պահին դեռեւս ավելի լավ են փաստացի թվերը գալիս, քան սպասվում էր, ենթադրենք, 3 ամիս առաջ»:

Հիշեցնենք, որ իր վերջին ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ 2023-ին տրանսֆերտները նվազել են շուրջ 40 տոկոսով: