Կուզենայի նախարարը մեր ձայնը լսեր, այսպես չի լինում. Դպրոցում աշակերտը սպասում է մեզ: Նոր տարուց դպրոց չեմ մտել: Իմ պահանջն է ինձ վերադարձնել դասարան, որովհետեւ ես սիրում եմ իմ մասնագիտությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ուսուցիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Կոտայքի մարզի Պռոշյան վարչական համայնքի դպրոցում կերպարվեստ դասավանդող ուսուցիչներից մեկը:

Նշենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են անում ԿԳՄՍՆ-ից դիմաց։ Նրանք պահանջում են, որ  իրենց, ինչպես բարձրագույն կրթություն ստացած ուսուցիչներին, նախ վերապատրաստման ուղարկեն, հետո  ևս մեկ հնարավորություն տան ատեստավորում անցնելու համար։

« Ես կխնդրեի անհատական մոտեցում, գալ դպրոց, տեսնել՝ արդյոք մենք մասնագետ չենք, արդյոք չենք տիրապետում  մեր մասնագիտությանը: Եթե գան, տեսնեն մենք մասնագետ չենք, թող ազատեն, ես ինքս կլքեմ դպրոցը: Ես մասնակցեցի Կերպարվեստ առարկայի ատեստավորմանը: Ես չէի անցել վերապատրաստում, իմ գիտելիքներով ներկայացա, բայց հետո համոզվեցի, որ զուր էր կամավոր ատեստավորմանը մասնակցելը»,-ասաց նա:

Վայոց Ձորի մարզից «տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհի Երանուհի Ալավերդյանն էլ ասաց, որ ինքը բարձրագույն կրթություն չունի, սակայն թեստերը բարձրագույն ավարտածների համար են եղել. «Ճիշտ է, 2014-ից մեզ հնարավորություն է տրվել բարձրագույն ավարտելու, բայց աշակերտների թիվը գնալով պակասում է եւ մենք այնքան ժամեր չունենք, որ րա համար վճար մուծեինք ու բարձրագույն ավարտեինք: Մտածեցինք, որ մի քանի տարուց թոշակի ենք գնալու:

Մեզ հնարավորություն տվեցին կամավոր ատեստավորում անցնելու, բայց մեզ տվեցին այն թեստերը, որոնք բարձրագույն ավարտածներին են տվել: Մենք իրենցից շատ ենք հավաքել, բայց հարցն այն է, որ իրենց երրորդ ատեստավորման հնարավորություն են տալիս, մեզ չեն տալիս, այն դեպքում, երբ մենք անցել ենք 50 միավորի շեմը:

Մեզ բոլորը ճանաչում են, մեր 40 տարվա վաստակը իրենք մեկ գրչի հարվածով հավասարեցրեցին հողին: Մենք ավարտական դասարաններ ունենք, ու հիմա գլուխներս կախ պետք է շրջենք, ինչ է, թե 2-3  տոկոս չենք ապահովել եւ դուրս ենք  մնացել: Թող մեզ հնարավորություն տան նորից ատեստավորում անցկացնելու»:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հենց ուսուցիչների մասին մտածելով են մտցրել ատեստավորումը, որ բարձր աշխատավարձ ստանան, ուսուցիչը պատասխանեց. «Այո, ճիշտ է ասել, մտածել է մեր մասին, բայց ինչո՞ւ են թեստերը մեկ մակարդակի կազմել բոլորի համար եւ բավականին սխալներով»: