2023 թվականին պետությանը և շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվում է 4 միլիարդ 882 միլիոն դրամ (մոտ 12 միլիոն դոլար – խմբ.)։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ տեսչական մարմնի մանրամասն ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պետբյուջե է մուտքագրվել 150 մլն դրամ, հարուցվել են նաև քրեական գործեր։
Նրա խոսքով, իրականացվել է 155 պլանային և 137 ոչ պլանային ստուգում` ընդհանուր առմամբ 292 ստուգում հիմնականում հանքարդյունաբերության, ջրային տնտեսության, շինարարության և անտառտնտեսության ոլորտներում։
Նա հավելեց, որ 2023 թվականի ընթացքում արձանագրվել է բնապահպանական նորմերի 2483 խախտում, ինչը մոտավորապես 100 դեպքով ավելի է 2022 թվականի համեմատ, ընդերքօգտագործման ոլորտում արձանագրվել է 174 խախտում։
«Ընդհանուր առմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կայացվել է 1114 որոշում։ Այս բոլոր խախտումների համար ընդհանուր տուգանքը կազմել է մոտ 135 մլն դրամ։ Բացի այդ, 46 որոշում է կայացվել տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կասեցնելու մասին»,- ասաց պաշտոնյան։
Տեսչական մարմնի ղեկավարը հավելեց, որ ձկնորսության արգելքի ընթացքում աշխատակիցներն առգրավել են Սեւանից որսած 632 կիլոգրամ սիգ։
Նա հավելեց, որ 2024 թվականին վարչությունը կիրականացնի 180 պլանային ստուգում։





























