Ներկա պահին ստուգումներ են իրականացվում Սոթքի հանքավայրում, որտեղ կատարվում է անցում ոսկու վերգետնյա արդյունահանումից ստորգետնյա արդյունահանման։ Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը։
Նա նշել է, որ հանքավայրի գործունեության հետ կապված խնդիրներ չկան, պարզապես փոխվում է շահագործման եղանակը։ «Հենց դրա հետ է կապված այն փաստը, որ հանքավայրը չի աշխատում։ Այլ խնդիրներ չկան»,- նշել է պաշտոնյան։
Հիշեցնենք, որ 2023թ. մայիսի 30-ին «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը շահագործում է հանքավայրը, պաշտոնապես հայտարարել էր բաց հանքի շահագործումը դադարեցնելու որոշման մասին Ադրբեջանի կողմից պարբերական կրակոցների պատճառով։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը 2023թ. դեկտեմբերի 19-ին հայտնել է, որ Սոթքի հանքում ոսկու ստորգետնյա արդյունահանումը կսկսվի 2024թ. մարտին։





























