Հայ- թուրքական արձանագրությունների վավերացման ուղղությամբ Թուրքիայի Ազգային ժողովը որևէ քայլ չի կատարի մինչև հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսները։ «Հայ-թուրքական դիվանագիտությունը և Լեռնային Ղարաբաղը. Համաձայնությո՞ւն, թե՞ ոչ» թեմայով քննարկմանը նման կարծիք արտահայտեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ դա կապված կլինի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի հետ։ «Սա իհարկե թուրքերի կողմից վտանգավոր ռազմավարություն կլինի, քանի որ հայկական կողմի համբերությունը անսահման չէ, և բացի դրանից Բրյուսելն ու Վաշինգտոնը բազմիցս նշել է, որ Թուրքիան պարտավորությունները պետք է խելամիտ ժամկետում կատարի»,-ասաց փորձագետը՝ Ռ. Կիրակոսյանը։
Փորձագետ Մանվել Սարգսյանի խոսքով էլ, Թուրքիան տարբեր հայտարարություններով ավելի է մեծացնում ճնշումը՝ փորձելով հայ-թուրքական արձանագրություններից դուրս մնացած Լեռնային Ղարաբաղի հարցը կապել հարաբերությունների հաստատման հետ, ինչին ի պատասխան Հայաստանը պասիվություն է դրսևորում։ «Հայաստանին միջազգային հանրությունը լավ հնարավորություն էր տվել հարաբերություններ հաստատելու, սակայն Հայաստանը չափից ավելի մտածեց, և արդյունքում առաջացան այս արձանագրությունները»,-կարծիք հայտնեց փորձագետը՝ ավելացնելով, որ Հայաստանը չի կարողանում տարածաշրջանում որպես լիարժեք սուբյեկտ դրսեւորվել։



























