Օղակաձեւ զբոսայգին ունի մի քանի գլխավոր շինություններ, որոնք իրենց շուրջ  հավաքում են տարբեր մարդկանց, օրինակ Կամերային երաժշտության տունը փայլուն շենք է, որն իր շուրջ համախմբել է երաժշտասերների, եւ ոչ միայն նրանց: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածը հանրային գերակա շահ ճանաչել եւ քանդել այնտեղ գտնվող թենիսի կորտերը:

«Մարդիկ քայլումեն այդ տարածքում եւ էսթետիկ հաճույք են ստանում այդ շենքից, հենց դա է հանրային շահը: Մի քիչ քայլում են ներքեւմ, թենիսի կորտերն են, մի քիչ ավելի ներքեւ Շախմատի տունն է:

Քաղաքապետ Ավինյանի ասածի մեջ, թե թենիսի կորտերը չեն համապատասխանում այգու տրամաբնությանը: Եթե այգին ընկալենք որպես զբոսնելու տեղ, կարելի է քանդել, օրինակ, Կամերային երաժշտության տունը, ասելով՝ պատ է, չի թսղնում մարդկանց անցնել, ներս թափանցել: Կամ քայդել Շախմատի տունը, որտեղ ի տարբերություն թենիսի կորտերի, փակ է եւ մարդիկ չեն կարող կողքից հիանալ, թե ոնց են մարդիկ շախմատ խաղում: Պետք չի, որ մարդիկ թենիս կամ շախմատ խաղան, բայց դա միջավայր է ստեղծում, դա երեւանցիների հպարտությունն է:

Ես չգիտեմ մի մարդ, որ մինչեւ քաղաքապետի հայտարարությունը, մտքով կանցներ, որ այդպիսի բան կարելի է անել»,-ասաց նա:

Ճարտարապետը նաեւ նկատեց, որ ցանկացած իշխանության ձեռնտու պետք է լիներ այս լարված իրավիճակում հանգստացնել հասարակությանը. «Իշխանությունը փոխանակ հագստացնի մարդիկ, ներսից է ռումբի նման մի բան գցվում, որ մարդկանց ապշեցնում է, շոկի մեջ է գցում: Փաստորեն Տիգրան Ավինյանը՝ լինելով իշխող ուժի ականավոր դեմքերից մեկը, սկսեց հուզել ամբողջ բնակչությանը: Դա, կարելի է ասել, սաբոտաժի նման բան է իրենց իշխանության նկատմամբ: Ես համոզված եմ, որ նույն ՔՊ-ի անդամների 90 տոկոսն առավոտյան զարթնեցին ու շշմեցին, թե ինչ է ասում այս մարդը: Չկար այդ պահանջը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ նման քայլը պակասեցնելու է ՔՊ-ի էլեկտորատը։