Հոկտեմբերի 5-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ դանակահարված վիճակում քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Հրազդանի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Արտակ Աղասարյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի և ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հրազդանի համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ նա վնասվածքները ստացել է Հրազդան քաղաքի Բաղրամյան 5-րդ փողոցի 4/1 հասցեում գործող «Դուետ» սրճարանում, վիճաբանության ժամանակ։

Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում «Դուետ» սրճարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ա․ Աղասարյանի, նրա եղբայր՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արշակ Աղասարյանի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 60-ամյա Վարդան Ղազարյանի և 30-ամյա Գոռ Ղազարյանի միջև, ու վիճաբանության ժամանակ, ըստ օպերատիվ տեղեկությունների, Գ. Ղազարյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Ա․ Աղասարյանին։

Համայնքային և քրեական ոստիկանները բացատրական աշխատանքներ են իրականացրել, որի արդյունքում Գ․ Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ Ա․ Աղասարյանի հայրը նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ Հրազդանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ, իսկ նրան դանակահարած Գ․ Ղազարյանը Հրազդանի թիվ 11 դպրոցի նախկին տնօրենի տղան է։

Հրազդանում տեղեկատվություններ են տարածվել, որ վիճաբանություն-դանակահարության պատճառն այն է, որ տարիներ առաջ Ա․ Աղասարյանի հայրն աշխատանքից ազատել է տվել Գ․ Ղազարյանի մորը, փոխարենը դպրոցի տնօրեն է նշանակվել Ա. Աղասարյանի քույրը՝ Նարինե Աղասարյանը։