Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը Հայաստանում կադրային վերադասավորումները կապում է նախընտրական արշավի հետ: Այս մասին նա նշել է այսօր` հոկտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Պարզ է, որ սկսվում է նախընտրական արշավը եւ գործընթացները դրա հետ են կապված: Կարծում եմ, ոչ ՀՀԿ-ն, ոչ իշխանությունները չեն թաքցնում այդ կադրային փոփոխությունների իրական նպատակները»:

Քաղաքագետի կարծիքով, որոշ ներքաղաքական եւ կադրային փոփոխություններ դեռ կլինեն: «Որքան ինձ հայտնի է, ոչ ոք իրականում չի հեռացվել լուրջ խնդիրների պատճառով»,- հավելել է Սերգեյ Մինասյանը, հավելելով, որ վերադասավորումներն, ամենայն հավանականությամբ, կապված են իմիջի եւ ընտրություններին լավ նախապատրաստության հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնից հեռացել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նման որոշում է կայացրել նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս լրագրողներին ասել է, որ ՀՀԿ-ն որոշել է, որ ինքը պետք է լինի կուսակցության նախընտրական շտաբի պետը, որից հետո ինքն առաջարկել է հրաժարական տալ ԱԺ նախագահի պաշտոնից եւ ամբողջությամբ զբաղվել նախընտրական գործընթացներով: